2012 թ. սեպտեմբերի 28-ին Իտալիայում` Հռոմի Առևտրաարդյունաբերական Պալատում, տեղի ունեցավ հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում էին կառավարական շրջանակների ու բիզնես աջակցման ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մոտ 2 տասնյակ հայաստանցի գործարարաներ
տարբեր ոլորտներից, որոնց թվում էր նաև ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ ընկերության հիմնադիր-նախագահ Արթուր Աբրահամյանը:
Գործարար համաժողովն անցնում էր Իտալիայի Հանրապետության Տնտեսական Զարգացման Նախարարության հովանու ներքո: Կազմակերպիչներն էին Զարգացման Հայկական գործակալությունը, Իտալիայում ՀՀ Դեսպանատունն ու Իտալիայի Առևտրաարդյունաբերական Պալատը:ՀՀ պատվիրակության կազմում, բացի գործարարներից, ընդգրկված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Զարգացման Հայկական Գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ԶՀԳ ծրագրային մենեջերներ:
Հանդիպման ժամանակ իտալացի գործարարներին, ներդրողներին ներկայացվեցին հայաստանյան տնտեսության այն բոլոր ոլորտները (շինարարություն, արտադրություն, քարի մշակում, սննդարդյունաբերության, ՏՏ, դեղագործություն, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերություն, կոշիկի արտադրության, կենցաղային տեխնիկայի, կահույքի արտադրական և այլն), որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել համագործակցության ու ներդրումների առումով:
Ինչ վերաբերում է ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ-ին, տնօրենի հավաստմամբ արդյունքները գոհացուցիչ էին: Ինչքան որ թույլ տվեց ֆորումի կարճ ժամանակահատվածն ու ֆորմատը, հանդիպումների ու շփումների արդյունքում հնարավոր եղավ տեղում ծանոթանալ պատուհանների, դռների ու հարակից աքսեսուարների արտադրության ոլորտին, նոր տեխնոլոգիաներին և համագործակցության հնարավորություններին: Մասնավորապես, թե ինչպես կարելի է ուղղակիորեն Իտալիայից ձեռք բերել հումք և պատրաստի արտադրանք ու ներմուծել Հայաստան՝ շրջանցելով միջնորդ երկրները, այդ թվում՝ Թուրքիան:










